Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի հանդիպումների ավարտին մնացել է ընդամենը մեկ տուր՝ մի մասի համար այլևս ոչինչ չասող, մյուս մասի համար` հույսի որոշակի ակնկալիքով: Առաջնությունն արդեն իսկ ունի իր հերոսներն ու հակահերոսները: Վերջիններիս մեջ են աշխարհի արդեն նախկին չեմպիոն Իսպանիան, Անգլիան: Խմբայինի ավարտից հետո նրանց կընկերակցի ևս մեկը: Սկզբի համար կարծես շատ է ստացվում, բայց դե սա է իրողությունը: Ինչևէ: Դառնանք խմբերում առկա կացությանն ու սկսենք ամենախոշոր անակնկալները մատուցածներից:
D ԽՈՒՄԲ
Ամենախոշոր անակնկալը Կոստա Ռիկայի ընտրանուն է պատկանում, ու սույնով նրա հետ առաջնայնությունը կարող է վիճարկել միայն Իսպանիան, թեև Անգլիան էլ էնպես ոչինչ: Ավելորդ չհամարենք հիշել, որ առաջնության մեկնարկից դեռ շատ առաջ կոստառիկացիներին անխտիր կարեկցում էին բոլորը՝ նկատի ունենալով աշխարհի միանգամից երեք չեմպիոնների ընկերակցությունում հայտնվելը: Մինչդեռ ի՞նչ ստացվեց: Լատինաամերիկյան այս ընտրանու ձեռամբ, ավելի ճիշտ, ոտամբ, պարտություն կրեցին թե՛ ուրուգվայցիները (1:3), թե՛ իտալացիները (0:1): Մնացել է մի Անգլիա: Եթե այնպես ստացվի, որ վերջիններիս բուրդն էլ քամուն տան, դառնում են… չեմպիոնների չեմպիոն:
Իր բարդությունով հանդերձ դա անելն այնքան էլ միանշանակ չի ներկայանում, քանզի մեջտեղում, մոտիվացիայից զատ, տակտիկական բնույթի հաշվարկներ էլ կան (խմբից դուրս են գալիս առաջի՞ն, թե՞ երկրորդ տեղով), որոնք չի կարելի անտեսել: Եվ այսուհանդերձ, խմբի թիվ մեկ հանդիպումն ՈՒրուգվայ-Իտալիա առճակատումն է լինելու, քանզի հենց այն է պատասխանելու, թե նրանցից որ մեկն է ընկերակցելու Կոստա Ռիկային: Իտալացիները, ինչ խոսք, տագնապելու բան ունեն մարտական հենակետ վերադարձած Լուիս Սուարեսից, իսկ եթե նա եղավ նույնքան մոտիվացված, որքան անգլիացիների հետ խաղում էր (հանդիպման երկու անպատասխան գնդակներն էլ նրա ակտիվում են), համարձակվում եմ ենթադրել, որ հարազատ թերակղզում, բացի մակարոնով փլավ կամ պիցցա ուտելուց, իտալացիներին անելու ուրիշ բան դժվար թե մնա:
B ԽՈՒՄԲ
Եթե Կոստա Ռիկայի ընտրանին, լավ առումով, եղավ առաջնության ամենախոշոր անակնկալը, ապա հակառակ բևեռի ներկայացուցիչ դարձան իսպանացիները՝ առաջին երկու խաղերի արդյունքով «հաջողացնելով» տունդարձի տոմսեր ձեռք բերել (1:5 և 0:2 հաշվով պարտվել են Իտալիայի ու Չիլիի ընտրանիներին): Չգիտեմ, թե նրանց խաղից ում մեջ ինչ տպավորություն է կամ ասոցիացիա, անձամբ ինձ թվում է, թե Բրազիլիա մեկնելիս աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնները տանը կամ արդուկն էին միացած թողել կամ գազն էին մոռացել անջատել, ու ջանում էին վայրկյան առաջ դեպքի վայր շտապել: Հիմա, երբ ամեն ինչ անցած է, նրանք լիուլի ժամանակ ունեն մտածելու, թե ինչու այնպես եղավ, որ այդքան վաղ թոշնեցին մայիսյան կարմիր վարդերը:
Ինչ խոսք, որ անգլիացիների պես իսպանացիներն էլ դեռ մի խաղ ունեն, սակայն մրցաշարային առումով այն արդեն ոչինչ չի որոշում, բացի սասանված հեղինակությունն ինչ-որ կերպ մի փոքր չափի բերելուց, այլապես ձախողված ևս մեկ խաղ (մրցելու են ավստրալացիների հետ), ու նրանք, ուղիղ և անուղղակի իմաստներով, վերջնականապես կհիշեցնեն փոստի թանաքաման:
Ինչ վերաբերում է Հոլանդիայի ու Չիլիի ընտրանիներին, նրանց բանը և՛ հեշտ է, և՛ դժվար: Հեշտ է այն առումով, որ վեցական միավորով վաղօրոք լուծել են խմբայինից դուրս գալու խնդիրը, ու դժվար այն առումով, որ չգիտեն՝ առաջին տեղը գրավելն է շահավետ, թե՞երկրորդ՝ կախված իր խմբայինում Բրազիլիայի հայտնվելիք տեղից:
C ԽՈՒՄԲ
Հունաստանին 3:0 հաշվով պատժելուց հետո Կոլումբիայի ընտրանին շտապեց մեջտեղից հանել նաև կոտդիվուարցիների հարցը (2:1) ու վեց միավորով արդեն իսկ play-off-ում է՝ լրիվ իրավունք ունենալով մատների արանքով նայելու ճապոնացիների հետ սպասվելիք խաղին: Այստեղ երեք միավոր ունեն 2:1 հաշվով ճապոնացիներին հաղթած կոտդիվուարցիները, ովքեր եթե հույների լայնքն ու երկայնքն էլ չափեն, նույնպես դուրս կգան play-off (որոշակի զարգացումների դեպքում նրանց կարող է բավարարել նույնիսկ ոչ-ոքին): Խմբում այս պահի դրությամբ երրորդ-չորրորդ տեղերը մեկական միավորով զբաղեցնում են Ճապոնիայի ու Հունաստանի ընտրանիները:
E ԽՈՒՄԲ
Գրանդ հավաքականներից առաջնությունում միակը, որ հնարավորություն չի տվել իր խաղամակարդակին կասկածելու, Ֆրանսիայի ընտրանին է, որը երկու շքեղ հաղթանակ է տոնել Հոնդուրասի (3:0) ու Շվեյցարիայի (5:2) հետ խաղերում և իրավամբ գլխավորում է խմբայինը: Նրանց վերջին հանդիպումն ակտիվում երեք միավոր ունեցող էկվադորցիների հետ է (2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել հոնդուրասցիների հետ խաղում): Նույնքան միավոր ունեն և շվեյցարացիները, ովքեր ինչ որ բանի հասնելու համար (իհարկե, ֆրանսիացիների թույլտվությամբ) կարող են դեռևս մնալ Բրազիլիայում, եթե հաղթեն Հոնդուրասի հավաքականին:
H ԽՈՒՄԲ
Ռուսների նկատմամբ միանգամայն սպասված հաղթանակից հետո (1:0), անկախ հարավկորեացիների հետ ունենալիք խաղից, բելգիացիները լուծեցին play-off դուրս գալու խնդիրը, քանի որ հաղթանակով էին ավարտել նաև ալժիրցիների հետ մրցավեճը: Վերջինս խմբային երկրորդ խաղում սամումի պես անցավ հարավկորեացիների վրայով (4:2) և ռուսների հետ վերջին խաղում կարող է լիովին բավարարվել ոչ-ոքիով: Ինչ վերաբերում է Կորեային, որոշակի զարգացումների դեպքում նրանք կարող են տեսական հույսեր ունենալ, սակայն դա ավելի շուտ ֆանտաստիկայի ոլորտից է:
F ԽՈՒՄԲ
Այնպես չէ, որ երկու խաղից հետո միավորների առավելագույն պաշար չունի Արգենտինայի ընտրանին, բայց իրանցիների հետ հանդիպման 1:0-ն, ես չէ՝ դուք, բանի նմա՞ն էր: Բա Մեսին էր ու 90 պլյուս 1 րոպեին չէր խփում այդ գնդակը… Սարսափելի վատ տպավորություն թողեց Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանին, որը արգենտինացիներից կրած պարտությունից (1:2) երևի այնքան էր տպավորված, որ որոշեց մի հատ էլ Նիգերիային պարտվել (0:1) ու, աշխարհից խռոված, գնալ տուն: Ակամայից մտածում ես՝ պարտվելը որ պարտվելն է, ի՞նչ է խանգարում մի անգամ էլ իրանցիների «փափարն» ուտել ու լրիվ «երջանիկ» լինել: Այդպես, մեկ էլ տեսար, մեր հարևանները դուրս եկան play-off, մանավանդ որ կարելի է Մեսիին չխաղացնել ու նիգերիացիների հետ խաղում ապահովել արգենտինացիների պարտությունը (ներկա պահով աֆրիկացիներն ունեն չորս, իրանցիները՝ մեկ միավոր):
A ԽՈՒՄԲ
Հորվաթների հետ տպավորիչ խաղից հետո (3:1), ի դեմս մեքսիկացիների, բրազիլացիները բառիս բուն իմաստով դեմ առան… դե գիտեք ինչի: Հինավուրց մայաների ու ացտեկների ոգի՞ն էր, թե՞ ուրիշ բան, աշխարհի հնգակի չեմպիոններն այդպես էլ չգտան հրաշքներ գործող Օչոայի դարպասը գրավելու ուղիները՝ փոխարենը քանիցս փրկվելով անխուսափելի թվացող գոլից: Մեքսիկացիներն իսկապես ֆանտաստիկ խաղ ցուցադրեցին ու եթե այս առաջնությունում ավելիին չհասնեն (վերջին հանդիպումը հորվաթների հետ է, ովքեր Կամերունի հետ խաղից հետո (4:0) ունեն երեք միավոր), միևնույն է, նրանց կողմն է մարզասերների անթաքույց հիացքը: Ինչ վերաբերում է բրազիլացիներին, նրանց համար փայլուն իրավիճակ է ստեղծվել՝ կուզենան` խմբից դուրս կգան երկրորդ, կուզենան՝ առաջին տեղով: Նայած թե ում կնախընտրեն play-off-ում ունենալ մրցակից:
G ԽՈՒՄԲ
Պորտուգալացիների նկատմամբ 4:0 հաշվով տպավորիչ հաղթանակից հետո երկրորդում գերմանացիները դեմ առան գանացիներին, ովքեր մինչ այդ պարտվել էին ամերիկացիներին (1:2): Աֆրիկացիները ֆանտաստիկ խաղ ցույց տվեցին ու, եթե կուզեք ճիշտը իմանալ, հանդիպման 2:2 հաշիվը հենց գերմանացիների օգտին էր, քանի որ հենց նրանք էին իրենց «ճղում» հաշիվը գոնե հավասարեցնելու համար:
Գերմանիա-Գանա խաղը փայլուն հնարավորություն ստեղծեց պորտուգալացիների համար, որովհետև երեք միավոր ունեցող ամերիկացիների հետ (2:1 հաշվով հաղթել են Գանայի ընտրանուն) հանդիպման դրական ելքը նրանց կպահեր ձիու վրա՝ ակնկալիքով, որ գանացիներին էլ ծնկի կբերեն: Խաղը ստացվեց առավել քան դիտարժան ու ամբողջովին հիշեցրեց Գերմանիա-Գանա դիմակայությունը: Պորտուգալացիներին բաժին հասան հանդիպման առաջին ու չորրորդ գոլերը, իսկ միջնամասում տոն տվողներն ամերիկացիներն էին: Այս խմբում սկզբունքորեն ամեն ինչ լուծված կլինի այն բանից հետո, եթե Գերմանիա-ԱՄՆ խաղում կողմերը խաղան ոչ-ոքի: Այս դեպքում պորտուգալացիները հաստատապես կմիանան տունդարձի տոմսերն արդեն իսկ պատվիրած իսպանացիներին ու անգլիացիներին:
Ընդհանուր գծերով ահա այսքանը խմբերում ավարտված առաջին երկու խաղերի ու դրանցում հավաքականների դասավորության մասին, որը դրանցից մի քանիսում կարող է արմատապես այլ պատկեր ունենալ վերջին խաղերից հետո:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ